Blog

Forbes հարցազրույց Տիգրան Կարապետյանի հետ. կապիտալի շուկա. լինե՞լ թե չլինե՞լ

Forbes հարցազրույց Տիգրան Կարապետյանի հետ. կապիտալի շուկա. լինե՞լ թե չլինե՞լForbes հարցազրույց Տիգրան Կարապետյանի հետ:

-Արդյոք մեր իրական հատվածին անհրաժեշտ է կապիտալի շուկան: Կարծես թե բանկային վարկավորման միջոցով ընկերություններն արդեն իսկ լուծում են իրենց ֆինանսավորման հարցը:

Հարցի պատասխանը կախված է այն հանգամանքից, թե տնտեսությունը ինչպիսի կառուցվածք ունի: Կառուցվածքով է պայմանավորված, արդյո՞ք տնտեսությանը անհրաժեշտ է կապիտալի շուկան, թե՝ ոչ, մասնակիցները միջոցներ ներգրավելու կարիք կունենան կապիտալի շուկայից, թե՞ ոչ: Եթե դիտարկենք մեր երկրի վերջին տարիներին ձևավորված տնտեսության կառուցվածքը, ապա կտեսնենք, որ մեր ՀՆԱ-ն գեներացնող խոշորագույն հատվածը միջին բիզնեսն է: Միջին բիզնեսի համար կապիտալի շուկան հիմնականում փակ դուռ է՝ այն չի կարող կապիտալի շուկայից ռեսուրսներ ներգրավել, քանի որ դա ավանդական գործիքներից ավելի ծախսատար է:

Այդ հատվածի համար կապիտալի շուկան գրավիչ չէ մի քանի պատճառներով. առաջինը՝ բիզնեսի վարման կանոններն են տարբեր կապիտալի շուկայում, սկսած կորպորատիվ կառավարումից, բիզնես մշակույթից, որը պահանջում է ձեռներեցների այնպիսի հատկանիշներ, որոնք հայաստանյան միջին վիճակագրական ձեռներեցներին յուրահատուկ չեն, երկրորդը՝ դա բացահայտումներն են, թափանցիկությունը և երրորդը՝ լրացուցիչ ծախսերն են, որոնք կապված են այդ ինֆրաստրուկտուրայի հետ: Սրանք հանգամանքներն են, որոնք կվանեն փոքր և միջին բիզնեսին կապիտալի շուկայում գործելու շարժառիթից:

Կապիտալի շուկան ամբիցիոզ և ավանդական ֆինանսական գործիքներով չֆինանսավորվող նախագծեր ունեցող խոշոր և միջին բիզնեսի համար է: Այսինքն, եթե մենք նայենք կապիտալի շուկային պահանջարկի տեսանկյունից, ապա պետք է նայենք խոշոր բիզնեսին և խոշոր նախագծերին, որոնք Հայաստանում այդքան շատ չեն:

-Արդյո՞ք Հայաստանում խոշոր բիզնեսը պատրաստ է դուրս գալ կապիտալի շուկա:

Հայաստանում խոշոր բիզնեսը մասնավորեցվել է ինչ որ մի սկզբունքով և հայտնվել ստրատեգիկ ներդրողների մոտ, հիմնականում օտարերկրյա, և այս ստրատեգիկ ներդրողների մայր ընկերություններն արդեն իսկ տարբեր տարածաշրջանների կապիտալի շուկաներում են, արդեն ներգրավում են միջոցներ և, ենթադրում եմ, որ շահագրգռված չեն լինի, որպեսզի իրենց դուստր ընկերությունները տեղական կապիտալի շուկաներից միջոցներ ներգրավեն, որովհետև այդ ռեսուրսների կարիքը բավարարվում է մայր ընկերությունների կողմից:

Մնում են հիմնականում ամբիցիոզ նախագծերը, որոնք ներդրումային պահանջարկ կարող են ստեղծել կապիտալի շուկայում: Դրանք շատ չեն, բայց կան: Մասնավոր և պետական հատվածների համագործակցության (public-private partnership) շրջանակներում պետությունը պետք է որևէ կերպ խրախուսի նմանատիպ նախագծերը: Բայց դրան զուգահեռ անհրաժեշտ է նաև, որ այն բացասական երևույթները, որոնց մենք բոլորս ականատես ենք, գիտենք, երբեմն բարձրաձայնում ենք, երբեմն գրում ենք, երբեմն չենք խոսում դրա մասին, այդ երևույթների առկայությունը նմանատիպ նախագծերում պետք է որևէ կերպ հնարավորինս նվազեցնել: Այդ նախագծերը պետք է լինեն հնարավորինս «համահայկական»:

-Այդպիսի նախագծեր սպասվու՞մ են մոտակա ժամանակ:

Ես չեմ կարող ասել, որ դրանք այնքան բազմազան են, որ հերթի են կանգնած, բայց բիզնես միջավայրի հետ ինվեստիցիոն բանկիրները պետք է աշխատեն: Ինվեստիցիոն բանկիրների համայնքը, ցավոք, մեզ մոտ, որպես ուղղվածություն դեռ ձևավորված չէ, իսկ իրենց ֆունկցիան հենց դա է՝ կարողանալ աշխատել ձեռնարկությունների, դրանց սեփականատերերի հետ, որը բավականին մեծ ժամանակային, ֆինանսային, մարդկային ռեսուրսներ է պահանջում: Ավանդական վարկային գործիքներին այստեղ փոխարինման են գալիս ֆինանսավորման այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են` փայատիրական կապիտալը, կվազի կապիտալը, մեզանին (mezzanine) ֆինսավորումը և այլն: Դրանց կիրառման րդյունքում փոխվում են կողմերի փոխհարաբերությունների որակը, իսկ ամենակարևորը այդ նախագծերում անշուշտ պետք է լինեն գաղափարները:

-Ներկայումս բանկերը համատեղում են ներդրումային ծառայություններ մատուցելու և բանկային ֆունկցիաները: Արդյո՞ք իրենք ներսում չունեն այդ շահերի բախումը:

Ես այն մարդկանցից եմ, ովքեր ունեն մասնագիտական համոզմունք, որ ավանդ ներգրավող բանկերի և նեդրումային բանկի միջև պետք է պատ լինի: Շատ հետազոտողներ 2008թ. ճգնաժամի պատճառներից մեկը նշում են հենց այն օրենսդրական պահանջների մեղմացումը, որոնք գործում էին 1930-ական թվականներից և հստակ տարանջատում էին ինվեստիցիոն և սովորական բանկի գործունեությունը: Շահերի բախումը օբյեկտիվ է, և դրա վառ օրինակը մեր իրականությունն է: Չնայած եղել են բանկեր, որոնք դիրքավորել են իրենց, որպես ներդրումային, այնուամենայնիվ, իրենց դա չի հաջողվել իրականացնել՝ ոչ միայն շահերի բախման պատճառով, այնտեղ կան նաև այլ խնդիրներ, բայց նաև դրա պատճառով:

2013 թվականին, երբ ստեղծեցինք առաջին ներդրումային ֆոնդը, մենք փորձ ենք արել բանկերի միջոցով իրացնել այդ ֆոնդի փայերը: Շատ երկրներում ընդունված է բանկերին օգտագործել որպես գործակալական ցանց որոշակի ֆինանսական գործիք վաճառելու համար. մեզ մոտ ակտուալ է ներդրումային ֆոնդը: Մենք չունենք այդ գործակալական ցանցը, իսկ նմանատիպ ցանցի ստեղծումը բավականին թանկ հաճույք է: Ամենամեծ ֆինանսական ցանցը այսօր բանկերի մոտ է, և երբ որ մենք փորձում ենք բանկերի հետ բանակցել, որ իրենց ցանցերի միջոցով կարողանանք իրականացնել այդ փայերի վաճառքը, մենք խնդրի առջև ենք կանգնում, որովհետև այն աշխատակիցը, ում մոտ կլինի վաճառքի երկու գործիք՝ մի ընկերության ներդրումային ֆոնդի փայ և ավանդ, նա կնախընտրի առաջարկել ավանդը, որքան էլ որ խրախուսանքներ լինեն:

Կապիտալի շուկայի փոքր ծավալները պայմանավորված են պահանջարկով, տնտեսության կառուցվածքով, խնայողությունների մակարդակով, վստահությամբ, քանի որ ֆինանսական շուկան տնտեսության մեջ ամենազգայուն օրգանիզմն է, որտեղ շշուկները, սպասումները կարող են էական ազդեցություն ունենալ: Ֆինանսական շուկայում շատ դժվար է վստահություն ձեռք բերել և շատ հեշտ է կորցնել այն: Իմ կարծիքով, կապիտալի շուկայի համար պետք է պահանջարկը ստեղծել:

-Արդյո՞ք այն հնարավոր է արտաքնապես ստեղծել, թե շուկան ինքնին պետք է զարգանա:

Օրինակ՝ կենսաթոշակային ֆոնդերը դրանք կարող են ստեղծել, որովհետև ռեսուրսներ են կուտակվում, որոնք, եթե Հայաստանում չներդրվեն, կգնան դուրս: Բանկերում է այսօր կենտրոնացված ֆինանսական ակտիվների մեծ մասը, միջին ժամկետայնությամբ ավանդները մոտավորապես 2 մլրդ դոլար են կազմում, մեր ՀՆԱ-ն 10 մլրդ, պարզ է, որ ոչ բոլոր ավանդները դուրս կգան կապիտալի շուկա, այդ գումարի նույնիսկ 10%-ը՝ 200 մլն դոլարը, չի կարող կապիտալի շուկա ստեղծել: Կապիտալի շուկա ստեղծելու համար շատ ավելի մեծ փողեր են պետք և իրացվելիություն: Իրացվելիությունը դա վստահությունն է: Մեզ մոտ ոչ միայն գործիքները և գումարն են խնդիրը, այլև լիկվիդայնությունը:

Հայաստանի կապիտալի շուկայի համար մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք մեկ ուղղությամբ՝ հայաստանյան ինստիտուցիոնալ ներդրողների բանակի ստեղծման վրա, ովքեր ձեռնարկություններում ներդրումներ անելով կնախապատրաստեն ընկերություններին կապիտալի շուկայի համար, իսկ դա մոտավորապես 5-10 տարվա խնդիր է: Խոսքը գնում է private equity fund-երի մասին, այսինքն՝ ֆոնդեր, ինստիտուցիոնալ ներդրողներ, որոնք կմտնեն որևէ ձեռնարկություն, այդ ձեռնարկությունում որևէ ամբիցիոզ նախագիծ կանեն, որի համար կպահանջվի ժամանակ և ռեսուրսներ, ինչպես նաև իրենց մուտքով կփոխեն այդ ձեռնարկության բիզնեսի վարման ոճը՝ նրանց նախապատրաստելով կապիտալի շուկայի համար:

Ինստիտուցիոնալ ներդրողների բանակը հենց կստեղծի այն ձեռնարկությունների քանակը, որը կարող է արժեթղթերի առաջարկ ստեղծել կապիտալի շուկայում, բայց դա 5-10 տարվա գործընթաց է:

Տիգրան Կարապետյան, Կապիտալ Ինվեստմընթս ներդրումային ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն: 2002 թվականից հիմնադրել և ղեկավարում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը, ավելի քան տասը տարի է դասավանդում է կորպորատիվ կառավարում առարկան ԵՊՀ-ում: Հիմնադրել և ղեկավարում է Կապիտալ Ներդրումային Խումբը, որի կազմում գործում են Կապիտալ Ինվեստմընթս ներդրումային ընկերությունը և Կապիտալ Ասեթ Մենեջմենթ ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը: Վերջինիս կառավարման ներքո գործում են Հայաստանում գրանցված առաջին ներդրումային ֆոնդը և կամավոր կենսաթոշակային ֆոնդերը: Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, ճարտարագետ-տնտեսագետ է: 2001 թվականին հրավիրվել է Քեմբրիջի Համալսարան` որպես կորպորատիվ ֆինանսների հետազոտող, իսկ 2003 թվականին Քեմբրիջի Համալսարանում ուսանել է առաջնորդների և ղեկավարների ծրագրում: Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Եվրոպական մի շարք երկրներում:

Հոդվածը պատրաստել են.
Հեղինակ` Եվգենիա Էվոյանխմբագիր` Շուշան Հարությունյան, սրբագրիչ` Լիլիթ Ղազարյան, լուսանկար՝ Տիգրան Կարապետյանի անձնական արխիվhttp://www.forbes.am/am/business/strategy/AHRKRNVQ318W2R79

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.