Blog

10 կարևոր դիտարկում հայաստանյան PR մասնագետների համար

10 կարևոր դիտարկում հայաստանյան PR մասնագետների համարԵրեք օր անընդմեջ շարունակվում էրհանրային կապերին նվիրված PR Summit՝ ոլորտի միջազգային և տեղի մասնագետների մասնակցությամբ և ամենահետաքրքիր փորձերի ու հաջողած պատմությունների քննարկմամբ։ «Forbes Հայաստանը» հետևում էր միջոցառմանը և առանձնացրել է գագաթնաժողովում հնչեցված 10 կարևոր դրույթներ։ 

  1. «Դադարեք օգտագործել «PR» եզրույթը որպես բայ». դա միայն շփոթեցնում է ձեզ և ձեզ շրջապատող անձանց: Գագաթնաժողովի ամենաուշագրավ պահերից մեկն էր, երբ Բոստոնի համալսարանի դասախոս դոկտոր  Դաստին Սյուփան բացահայտեց, որ Հայաստանում «PR» եզրույթն օգտագործվում է որպես բայ՝ «փիառ անել», մինչդեռ «PR»-ը հանրային կապեր, պատմություններ ստեղծելու և հարաբերություններ կառուցելու արվեստ է, այլ ոչ թե շուկայում առաջմղման գործիք։ «Մենք բոլորս պատմություններ ստեղծողներ և սահմաններ ընդարձակողներ ենք. ճիշտ լսարանին ճիշտ պատմություն է պետք պատմել»,- ասում է դոկտոր Սյուփան՝ դիմելով ոլորտի հայ մասնագետներին:
  2. «Զարգացող երկրների PR շուկաներն այնպիսին չեն, ինչպիսին Հայաստանինը»։Հանրային կապերի տեսանկյունից Հայաստանի նման զարգացող շուկա գոյություն չունի, ինչպես գոյություն չունեն ունիվերսալ լուծումներ տարբեր իրավիճակների համար: ԱՄՆ-ում, օրինակ, առաջիկա հինգ տարվա ընթացքում կանխատեսվում է 30% աճ հանրային կապերի ոլորտում: Հայաստանում, որտեղ PR միջավայրը նոր է ձևավորվում ու զարգանում, աճի տեմպերով պայմանավորված, ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել: «Մեր շուկան, մեր հասարակությունը, մեր մասնագետները և մասնագիտական իրավիճակները յուրահատուկ են, և PR մասնագետի ամենակարևոր արժեքը նրա գիտելիքը, փորձը և ունակություններն են, որոնք նա կարող է կիրառել իրավիճակին համապատասխան», –  ասում է դոկտոր Սյուփան։
  3. «Պարզություն, համագործակցություն, հետաքրքրվածություն». սա հանրահայտ Ogilvy ընկերության կարգախոսն է, որը հաղորդակցության ոլորտի համաշխարհային առաջատարն է։ PR Summit-ի ընթացքում և մեր գործընկերների հետ շփվելիս մտածում էի՝ գուցե հենց դա է անհրաժեշտ հայկական PR-ի մասնագիտական միջավայրին. հետաքրքրվածություն շրջապատող մարդկանց, նրանց զգացմունքների, ցանկությունների նկատմամբ, համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների (մարկետինգի, ֆինանսական, գործադիր) թիմերի, ինչպես նաև PR ոլորտի այլ մասնագետների հետ։ Պարզություն, որը շատերս կորցնում ենք նորարար և ստեղծագործ լուծումներ փնտրելիս, -ասում է Սուրեշ Ռաջը, Ogilvy ընկերության բիզնես զարգացման տնօրենը:
  4. Հիշեք, որ PR-ը PR-ի մաս է կազմում:
    PR-ը համընդգրկուն եզրույթ  է՝ սերտորեն կապված ԶԼՄ-ների հետ հարաբերությունների, մարկետինգի և գովազդի հետ: PR ոլորտում ձեռք բերած հմտությունները կարող եք օգտագործել աշխատանքից դուրս: «Աշխարհը PR մասնագետների ձեռքում է. նրանք ոչ միայն արդեն գոյություն ունեցող աշխատանք գտնելու հնարավորություն ունեն, այլև իրենց հայեցողությամբ ցանկացած աշխատանք ստեղծելու հնարավորություն»,- ասում է դոկտոր.Սյուփան։ Չնայած այն հանգամանքին, որ PR ոլորտն անընդհատ փոփոխվում է՝ կախված այն գործարկողների որակներից, մի բան հաստատ է. մարդիկ, ովքեր ապագայում կզբաղվեն PR-ով, խիստ հետաքրքրասեր են, կարողանում են ներշնչել մյուսներին, նրանք աչքի են ընկնում բարձր տեղեկացվածությամբ և բավականություն են ստանում մարդկանց հետ հաղորդակցվելուց:
  5. Մենք տեխնոլոգիայով հարուստ ենք, սակայն ժամանակի առումով՝ աղքատ:

Ժամանակակից PR-ը մեթոդների և գործիքների բազմազան փոփոխություններ է կրել՝ սկսելով կայքերից, բլոգներում երկար գրառումներից, այնուհետև անցնելով ֆեյսբուքյան կարճ գրառումների, որոնք իրենց տեղը զիջել են նիշերի սահմանափակ քանակով թվիթերյան հաղորդագրություններին։ PR մասնագետները ստիպված են էլ ավելի կրճատել իրենց մտքերը՝ թողնելով միայն ամենակարևորը։ «Դեռ հայտնի չէ՝ որն է հաջորդ զարգացումը, սակայն պարզ է մի բան. այն պետք է էլ ավելի խնայի մեր ժամանակը, և մենք՝ հանրային կապերի մասնագետներս, պետք է ձեռքներս պահենք տեխնոլոգիական զարգացումների զարկերակին»,-ասում է Սուրեշ Ռաջը:

  1. Մեր ամենաբարդ խնդիրը տեխնոլոգիական զարգացումների առջևում լինելն է:

Դա ոչ թե քմահաճույք է, այլ աշխատանքային անհրաժեշտություն՝ լինել տեղեկացված ոլորտի բոլոր նորարարություններից և թրենդներից՝ հաճախորդներին արդյունավետ լուծումներ առաջարկելու համար։

  1. Հարցն այն չէ, որ բրենդները փորձում են «մարդկային» լինել, այլ այն, որ բրենդները չունեն այլընտրանք, քան «մարդկային» լինելը։

Ընկերությունները, բրենդներն այլևս չեն կարող պարզապես ներկայացնել իրենց ապրանքը. նրանք պետք է գրավեն մարդկանց, թափանցեն նրանց հոգու խորքը և հուզական կապվածություն ստեղծեն հաճախորդների հետ: «Բրենդները սկսել են շատ ավելի «մարդկային» հատկանիշներ ձեռք բերել, և դա ակտիվորեն զարգանալու է, քանի որ մրցակցության բուռն զարգացման և տեղեկության վայրկյանական տարածման մեր դարաշրջանում միայն ամուր հուզական կապը կարող է գրավել և պահել հաճախորդին»,- ասում է Սուրեշ Ռաջը։

  1. Կենտրոնացեք բիզնես գաղափարի վրա. նպատակին հասնելու ուղիների ընտրությունը պետք է չեզոք լինի: Դուք ազատ եք օգտագործելու հանրային հաղորդակցության մեթոդների մի ամբողջ զանգված՝ ԶԼՄ-ներ, սոցցանցեր, գովազդ, ուղիղ վաճառք և այլն, կամ նշվածներից միայն մեկը։ Կարիք չկա վազելու առավել թրենդային մեթոդների հետևից կամ գուցե կա՞: «Ցանկացած պարագայում որոշումը պետք է նպաստի առաջին հերթին բիզնես խնդրի լուծմանը»,-ասում է Սուրեշ Ռաջը:
  2. «Մենք բոլորս հաղորդակցության մասնագետ ենք, սակայն մեծ հաշվով միմյանց հետ չենք շփվում». այսպես է կարծում Սուրեշ Ռաջը։ Խնդիրները շատ ավելի դյուրին է լուծել, երբ ընկերության բոլոր մասնագետներն են մի սեղանի շուրջ նստած. ընկերության ներքին հաղորդակցման համակարգը նույնքան կարևոր է, որքան արտաքին հաղորդակցությունը: Ներքին հաղորդակցությունը չափազանց կարևոր է նաև հետևյալ պատճառով. «Այո՛, բոլոր PR մասնագետները գիտակցում են իրենց մասնագիտության կարևորությունն ու նշանակությունը, սակայն արդյո՞ք դրան տեղյակ է կամ պետք է տեղյակ լինի ձեր գործատուն»,- նշում է Սուրեշ Ռաջը: Իդեալական գործատու կամ ղեկավար գոյություն չունի, և շատ դեպքերում ինքդ ես ստիպված ապացուցել քո աշխատանքի արժեքը՝ ոչ միայն կիրառելով լավագույն փորձը, այլև չափագրելով, զեկուցելով և խնամքով ներկայացնելով աշխատանքիդ արդյունքները:
  3. Նույնիսկ եթե ունեք լավագույն լուծումներ, նախ պետք է կարողանաք դրանք բացատրել:

Ինչպես նշում է դոկտոր. Սյուփան՝ PR-ը և ընկերության հաղորդակցության քաղաքականությունը կարող են կտրուկ փոփոխել բիզնես դիրքավորումը։ PR-ի մասնագետները միջնորդներ են, ովքեր հանդես են գալիս որպես կամուրջ՝ կապելով ընկերությունն այլ մարդկանց հետ: «Հաղորդակցությունն այլևս վերից վար հիերարխիա չէ. ոչ միայն ես եմ ասում՝ ինչին հավատաք, այլև դուք եք ասում առաջնորդներին՝ ինչին եք հավատում»,- ասում է նա։ Իրենց առաքելությունը PR մասնագետներն իրագործում են՝ ստեղծելով պատմություններ, գտնելով համապատասխան լսարան և պատմելով իրենց պատմություններն այդ լսարանին:

Որպես վերջաբան։ PR մասնագետները սովորաբար աշխատում են մարդկանց հետ, ովքեր կարող են իռացիոնալ լինել, անկանխատեսելի և էմոցիոնալ: Կհաջողվի՞ ձեզ իրականացնել այս կամ այն արշավը, արդյո՞ք այն կնպաստի վաճառքների տեմպի աճին (սովորաբար դա այն է, ինչ պահանջում է գործատուն), և արդյո՞ք աշխարհի լավագույն PR փորձը կիրառելի է Հայաստանում: Պատասխանը մեկն է՝ «Նայած»:

Հոդվածը պատրաստել են.

Հեղինակներ՝ Եվգենիա Էվոյան, Ռիմա Սարգսյան, խմբագիր՝ Շուշան Հարությունյան, սրբագրիչ՝ Նարինե Ռաֆյան, լուսանկարները՝ Deem Communications 

http://www.forbes.am/am/entrepreneurs/management/58N12N5FM7QODI41

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.